կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն. Համազասպ Դանիելյանը՝ ԼՎԿ-ին

Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն. Համազասպ Դանիելյանը՝ ԼՎԿ-ին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես առաջարկվում է 1 միլիոն ու ավելի արժեքով նվիրատվությունների ու նվիրաբերությունների հաստատման լիազորությունը թողնել ավագանու վրա:

Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» սկզբունքորեն դեմ չի գաղափարին, սակայն մտահոգություններ կան այն մասով, որ լինում են նվիրատուներ, ովքեր չեն ուզում բացահայտվել:

Մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց նվիրատուների անվան հրապարակայնացման պահանջը վերանայել և սահմանել նաև բացառություններ։ Նրա խոսքով՝ կարող են լինել դեպքեր, երբ նվիրատվություն տվողը  չցանկանա հրապարակել իր անունը։

Ամփոփիչ ելույթում ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանն ասաց, որ բերվել է պարզ նախագիծ, որով ցանկանում են ավագանուն հնարավորություն տալ ընդունել կամ մերժել նվիրատվությունը: «Հարցն այն է՝ դուք մոտեցմանը կողմ եք, թե՝ ոչ: Եթե գաղափարին դեմ եք, հազար ու մի պատճառաբանություն կարող եք ներկայացնել»,- նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ պատրաստ են աշխատել ու շտկել բացթողումները. «Մենք խնդիրներ չենք ստեղծում նվիրատուների համար, մենք ուղղակի ասում ենք, որ ավագանին պետք է վերահսկի գործընթացը»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն էլ նշեց, որ սկզբունքին կողմ են, ավելին՝ ինքն այդ գաղափարը դեռ նոյեմբերին է տվել:

«Պարոն Գորգիսյան, երբ ասում եք, որ նախագիծը պարզ է, կիսատ եք ասում՝ այն պրիմիտիվ է, նյուանսներ հաշվի առնված չեն: Երբ այստեղ ծահագրգիռ քննարկումներ են գնում,  մեր գործընկերները բարեկիրթ ձևով ասում են՝ սա հաշվի առել եք, ամբարտավան պատասխան է հնչում: Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն: Ասում են՝ դուք մասնագետ չեք, մենք ունենք փայլուն իրավաբաններ։ Սա ինչ հռետորաբանություն է հարգելի գործընկերներ։  ԼՀԿ-ի որոշ անդամների հռետորաբանությունն ազդում է նաև ձեր նախագծերի նկատմամբ վերաբերմունքի վրա»,- ասաց պատգամավորը։

 

  • Կիսվել: