շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Այդ մահացու միջադեպի հանգամանքները պետք է լիարժեքորեն հետաքննվեն. Պիտեր Ստանոն՝ ադրբեջանական դիվերսիայի մասին

Այդ մահացու միջադեպի հանգամանքները պետք է լիարժեքորեն հետաքննվեն. Պիտեր Ստանոն՝ ադրբեջանական դիվերսիայի մասին

ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցչի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը ՛՛ցավում է նախօրեին ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած և հինգ մարդու մահվան հանգեցրած բռնության առթիվ՛՛:

Նրա խոսքով՝ այդ ՛՛մահացու միջադեպի հանգամանքները պետք է լիարժեքորեն հետաքննվեն՛՛:

Ստանոն նաև հավելել է, որ Բրյուսելը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կանխեն ՛՛այնպիսի միջադեպերի ծագումը, որոնք հետագայում կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն ու վտանգել խաղաղ գործընթացը՛՛։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ ՛՛ադրբեջանական դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում՛՛՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում ՛՛փոխհրաձգություն է սկսվել՛՛։ Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունը:

 

 

  • Կիսվել: