երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առուշանյանի վերաբերյալ հարուցված քրգործն իրավական գործընթաց չունի. պատգամավոր

Առուշանյանի վերաբերյալ հարուցված քրգործն իրավական գործընթաց չունի. պատգամավոր

Վստահ եմ, որ դատարանն այս հիմքով հետագա ընթացք չի տալու, որովհետեւ հոդվածը բավականին խրթին է գրված, փաստական հանգամանքները որեւէ պատճառաբանական կապ չունեն 225.1 հոդվածի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ հարուցված քրեական գործին։

՛՛Մենք բոլոր գործիքները պետք է օգտագործենք՝ միասնականության տրամաբանության մեջ պահելու ազգին, ոչ թե անընդհատ տարանջատենք։ Այն հոդվածը, որով գործընթաց սկսվել է, իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում, ես այստեղ իրավական գործընթաց չեմ տեսնում՛՛,-ասաց նա։

Հարցին, իսկ արդյոք քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց. ՛՛Քաղաքական տրամաբանության մեջ, իհարկե, տեղավորվում է, որովհետեւ նրանք, ովքեր ցույց կազմակերպելու կոչ են անում, նրանց ձերբակալում են՛՛։

Պատգամավորը նշեց նաև. ՛՛Մենք ամեն մի նոր գործողություն կատարելով՝ իրավիճակը լարում ենք, անում ենք քաղաքական հայտարարություններ, սխալ իրավական հայտարարություններ ենք անում վարչապետի խոսքերով, որի տակից մենք սերունդներով դուրս չենք գալու՛՛։

 

  • Կիսվել: