Արթուր Վանեցյանն անցյալի արձագանքն է. Արմեն Գրիգորյան
Եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի, պետք է հստակեցում մտցնի: Իսկ եթե դա իմացել է ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, պետք է զեկուցած լիներ վարչապետին։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում Արթուր Վանեցյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկը, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր։
Դիտարկմանը՝ ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունն առ այն, որ հիբրիդային հեղաշրջման մասին խոսելն ու իր անվան հետ դա կապելն անլուրջ հայտարարություններ են, Գրիգորյանը նշեց, որ ծանոթ չի Վանեցյանի հարցազրույցին, և չի ել կարծում, որ պետք է արձագանքելու անհրաժեշտություն լինի:
Գրիգորյանը, խոսելով նաև միջազգային կառույցների կողմից արձագանքի մասին, հայտարարեց, որ լուրջ խնդիրներ չի տեսնում.
«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, հետընթաց չենք ունենալու: Այդ հարցում նախ հետաքրքրված ենք մենք ու ժողովուրդը: Բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, լուծելու ենք առաջնահերթությունը ներքին քաղաքականությանն ու ներքին պահանջին՝ իհակե աշխատելով նաև միջազգային հանրության հետ»:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ ինքը սկսում է զբաղվել քաղաքականությամբ ու թույլ չի տալու անցյալի վերադարձ, Գրիգորյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է։