երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել են տարածաշրջանում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը

Պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել են տարածաշրջանում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը

Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Հանդիպմանը հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում զգալի բարեփոխումներ են իրականացվել:

Այդ համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարումը, ինչը ենթադրում է բարեփոխումներ դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերում, ոստիկանությունում եւ այլ ոլորտներում: Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին մեր երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եւ տրված բարձր գնահատականը: Նշվել է, որ Հայաստանի բնակչությունը մանդատ է տվել Կառավարությանը` շարունակելու բարեփոխումների օրակարգը:

Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ հայ խորհրդարանականները նշել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն Ադրբեջանը, սանձազերծելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը, խախտել է այդ պարտավորությունը: Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ օրենսդիրներն ընդգծել են, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է ԵԽ դիրքորոշումը թե՛ պատերազմի ընթացքում եւ թե՛ դրանից հետո՝ ընդգծելով, որ հայտարարությունները եղել են անաչառ եւ կառուցողական: Նա հույս է հայտնել, որ օգտագործելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքները՝ կառույցի գործընկերները կստիպեն Ադրբեջանին՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: ԱԺ պատգամավորները կարեւորել են նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւի ընդունումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: