չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արմեն Նազարյանը Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնում ծանոթացել է հայ-ֆրանսիական աշխատանքներին

Արմեն Նազարյանը Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնում ծանոթացել է հայ-ֆրանսիական աշխատանքներին

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն այցելել է «Հայկական ակնաբուժության նախագծի» Գյումրու մարզային ակնաբուժական կենտրոն, ծանոթացել ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական համատեղ աշխատանքներին, շրջել գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական միջամտությունների սենյակներով և վիրահատարանում:

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը մասնագետների շարունակական զարգացման, փորձի փոխանակման, ակնաբուժական ծառայությունների առավել բարելավման և մարզերում հասանելիության ապահովման լայն հնարավորություն է: Վստահ եմ, որ փոխգործակցությունն ակնաբուժության ոլորտի հերթական հաջողված ծրագիրը կդառնա», -ասել է Արմեն Նազարյանը:

Համագործակցության շրջանակներում իրականացվում են տեսական դասախոսություններ: Գլաուկոմային նվիրված 4-օրյա դասընթացի շրջանակներում դասախոսել է «AP-HP» ֆրանսիական համալսարանական-հիվանդանոցային համալիրից ֆրանսիացի գլաուկոմատոլոգ Սամուել Բերտուն, նախատեսվում են կլինիկական բարդ դեպքերի քննարկումներ և վիրահատություններ: Դասընթացի այս փուլն ավարտվելու է Երևանում՝ «wet-lab» գործնական աշխատանքներով, որոնք կնպաստեն հայ ակնաբույժների տեսական և գործնական գիտելիքերի ու հմտությունների զարգացմանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի և Փարիզի համալսարանական-հիվանդանոցային համալիրի՝ «AP-HP»-ի համագործակցությամբ իրականացվող ակնաբուժական դպրոցի ծրագրի մեկնարկել է դեռևս գարնանը:

  • Կիսվել: