կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան այսօր Հանրային ՀԸ-ի եթերում պարզաբանել է, թե ինչու է որոշվել հենց Ռուբեն Ռուբինյանին նշանակել Թուրքիայի հետ սպասվող բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ։

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն է ղեկավարել, մասնագիտացում ունի այդ ոլորտում, կա նաեւ այլ գործոն, որը նրան արդյունավետ բանակցող է դարձնում՝ դա վարչապետի եւ թիմի հետ նրա ունեցած կապն է՛՛,-ասել է Գրիգորյանը:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ չէր լինի, որ շեշտը դրվեր ոչ թե նշանակվող բանագնացի քաղաքական եւ թիմային կապերի, այլ դիվանագիտական հարուստ կենսագրություն ունենալու վրա, ԱԽ քարտուղարը նշել է. ՛՛Մենք կարծում ենք, որ իմ նշած գործոններն ավելի կարեւոր են՝ բանակցային գործընթացի ժամանակ ցանկացած հարց կարող է առաջանալ, եւ երկրի ղեկավարի հետ այն շատ արագ ճշտելու անհրաժեշտություն առաջանա։

Այդ ամենը հաշվի ենք առել, եւ ավելի արդյունավետ ենք համարել պարոն Ռուբինյանի նշանակումը։ Ժամանակակից դիվանագիտությունը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, եւ պետք չէ ժամանակակից գործընթացների մասին հին կաղապարներով մտածել՛՛։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Թուրքիան սպասվող բանակցություններում ներկայացնելու է Սերդար Քըլըչը։ ՀՀ հատուկ բանագնացը լինելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

 

  • Կիսվել: