Արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի շահարկումները
ՀՀ արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի շահարկումները՝ կապված Արցախում դատապարտված Շահբազ Ջալալ օղլու Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլու Ասկերովի վերադարձման հետ:
«Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով իրավական գործընթացի հետ կապված մեկնաբանություններին՝ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը նշեց.
«Անթույլատրելի ենք համարում շահարկումները կապված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման գործընթացի հետ, որի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել 44 հայ գերիների հայրենիք վերադարձը։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում շեշտել, որ Շահբազ Ջալալ օղլու Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլու Ասկերովը դատապարտվել էին Արցախի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.12.2014թ.: Հարկ է շեշտել, որ դատապարտյալի հանձնման (էքստրադիցիա) հարց դատարանը չի քննարկում, իսկ դատավճռի ճանաչումը միանգամայն այլ պրոցես է, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ: Ընդհանրապես, ցանկացած դատապարտյալի տեղափոխումը ՀՀ իրականացվում է միայն դատապարտյալի և պատժի կրման պետության համաձայնությամբ և նրա նկատմամբ կայացված դատավճռի ճանաչման գործընթացով, որից հետո անհրաժեշտ է մյուս կողմի համապատասխան միջնորդությունը դատապարտյալի փոխանցման համար, ինչպես սահմանված է «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի Խորհրդի 1983թ. կոնվենցիայով։ Նման միջնորդությունը բացակայել է, հետևաբար ՀՀ իրավասու մարմինը չի կայացրել այդպիսի որոշում»: