ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը: Յուրաքանչյուր տարի մենք մեր շնորհավորանքի ու երախտիքի խոսքն էինք ուղղում կայացած, մարտունակ ու հաղթանակած հայոց բանակի նվիրյալներին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այդ իրավունքը: Ես ասել եմ ու ևս մեկ անգամ կրկնում եմ՝ պատերազմները սանձազերծվում են միայն այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը: Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել: Պարտվել է ապաշնորհ իշխանությունը՝ իր վարած անհեռանկար ու վտանգավոր հետևանքներով հղի դիվանագիտությամբ:

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի հայի օջախի ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Այսօր էլ դեռ մեր բազմաթիվ հերոսների ճակատագիր անորոշության մեջ է, ռազմագերիները սպասում են հայրենիք վերադարձին և բոլորիս սրբազան պարտքը պետք է լինի այս խնդիրները լուծելը: Դրան զուգահեռ մենք ունենք մեկ այլ կարևոր առաքելություն՝ հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր՝ ավելի արդիական և շատ ավելի ուժեղ, ունակ դիմագրավելու մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող փորձություններին: Այսօր ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն ազատամարտիկների, զինվորների ու սպաների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա թեկուզ հարաբերական, բայց առկա խաղաղության համար: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Հատկապես հենց այսօր մենք պարտավոր ենք ձեզ խոստանալ՝ վերադարձնել մեզնից գողացված հաղթանակը, հայի արժանապատվությունը, սերունդներին փոխանցել մայիսյան եռատոնը նշելու հպարտությունը:

Առանձնահատուկ խոնարհումս այսօր էլ առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկնունքն ամուր պահող հերոսներին: Նրանց մաղթում եմ բարի ծառայություն, հերոսներ ծնած բոլոր մայրերին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

  • Կիսվել: