կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար. ՀՀ ԱԳ նախարար

Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթը է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ՀՀ ԱԳ նախարարը իր ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանը ներկայացնող բանախոսի կողմից հնչեցրած մեղադրանքներին Հայաստանի և Արցախի հասցեին.

Ներկայացնում ենք Զոհրաբ Մնացականյանի ելույթն ամբողջությամբ.

«Պարոն Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր և պարտավորեցնող առաքելության մեջ:

Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար:

Պարոն նախագահ,

Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։

2016 թվականի Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է:

Պարոն նախագահ,

Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը:

Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով:

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը:

Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել:

Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում:

Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը:

Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015 թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ:

Եվ վերջում, պարոն նախագահ,

Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին:

Շնորհակալություն»։

  • Կիսվել: