հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելու մասին Ալիևի պահանջը․ ԱՀ ԱԺ իշխող մեծամասնության ղեկավար

Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելու մասին Ալիևի պահանջը․ ԱՀ ԱԺ իշխող մեծամասնության ղեկավար

 Արցախի համար անընդունելի են Մյունհենյան համաժողովի շրջանակներում Ալիևի կողմից հնչեցրած թեզերն ու պահանջները, Infoport.am -ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ իշխող «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Մյունհենում հնչեցրած ամենավտանգավոր թեզերից մեկն այն էր, որ կրկին խոսվեց Լաչինի միջանցքում անցակետերի տեղադրման մասին, ինչը ուղղակի անիրականանալի է մի պարզ պատճառով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ նման կետ։ Ավելին՝ նույն հայտարարության մեջ հստակ նշված է, որ Լաչինի միջանցքով պետք է ապահովվի անխափան երթեւեկություն ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ բեռների համար, և այդ գործընթացի վերահսկողությունը իրականացվելու է ռուս խաղաղապահների կողմից»,- ընդգծեց իշխող մեծամասնության ղեկավարը։

Նա անընդունելի համարեց նաև Ալիեւի կողմից օգտագործված եզրույթները արցախյան կողմի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ։ «Ալիևը դարձյալ հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների «հայկական փոքրամասնության ներկայացուցիչների հետ», բայց մենք բազմիցս շեշտել ենք, որ՝ այ՛ո, մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ որպես, այսպես կոչված, «փոքրամասնություն», այլ որպես բանակցային լիիրավ կողմ, որպես հակամարտության կողմ»,- ընդգծեց Հարությունյանը։

Անդրադառնալով Ալիևի պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի՝ պատգամավորը հիշեցրեց Մյունհենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասածը, որ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը օգտագործված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, որի տակ ստորագրել է հենց Ալիևը։ «Լեռնային Ղարաբաղ կա, կա հակամարտություն, որը պետք է լուծվի միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Հարությունյանը։

Պատասխանելով Ալիևի սին մեղադրանքներին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում իբրև թե «ոչնչացվել են 67 մզկիթներ»՝ Հարությունյանը նշել է, որ Ալիևը դեռ պետք է ապացուցի, որ ԼՂ տարածքում այդքան մզկիթներ են եղել և դա նրա երևակայության արդյունքը չէ։ «Բայց այն որ Ադրբեջանը իր օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների ոչնչացմամբ և դրանց ծագման նենգափոխմամբ է ակտիվ զբաղված, ապացուցված է բազմաթիվ փաստերով, այդ թվում և տեսավավերագրական նյութերով։ Ադրբեջանի բարբարոս կեցվածքը ոչ մեկի համար գաղտնիք չէ»,- շեշտել է պատգամավորը։

  • Կիսվել: