երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախցին է իր հողի տերը, դա նշանակում է՝ ՀԱՅՆ է տերը, ու ամբողջ հայությամբ տեր ենք լինելու. Պողոսյան

Արցախցին է իր հողի տերը, դա նշանակում է՝ ՀԱՅՆ է տերը, ու ամբողջ հայությամբ տեր ենք լինելու. Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, որի շուրջ ներկայացրել է իր դիտարկումները:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեկ անգամ կրկին մի քանի դիտարկում Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին քննարկումների շուրջ.

  1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:
  2. Տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ իշինգերներ, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:
  3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:
  4. Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:
  5. Իմ ասած Դուխով»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը:

 

  • Կիսվել: