հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արարատ-Արագածը օվերտոնի պատուհան էր, վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան

Արարատ-Արագածը օվերտոնի պատուհան էր, վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան

Ազգային Ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց  հայ գրականության, պատմության ուսուցիչներին՝ նշելով․

«2006թ-ի աշնանը Ստամբուլում մեծ համաժողովին ներկա էր Էդողանը, նրա ճակատին ասացի այն, ինչ-որ ամեն հայ մտածում է, դրանից հետո լրագրողների ներկայությամբ, որպեսզի չկարողանան խոսքս կրճատել, գոռում էի՝ «ձեր վարչապետը սուտ խոսեց»։ Կյանքում չէի մտածում, որ 2006թ-ի Ստամբուլում թուրք լրագրողներին ասածը այս օրերին ստիպված կլինեմ ՀՀ ԱԺ-ում կրկնել։ Այս դեպքում՝ վարչապետը սուտ է խոսում»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ այսօր թշնամական «հարձակում» է սկսվել դպրոցներում՝ աշակերտների դեմ։

«Սիրելի ուսուցիչներ, երեկ հերթական անգամ Արցախը ուրանալու ասուլիսն էր, ուզում եմ ձեզ մի բան զգուշացնել, մեր ժողովրդից գողանում են մեր հիշողությունը, մեր ժողովրդից գողանում են Արարատ լեռը, շաբաթներ առաջ այստեղ ծավալված  Արարատ-Արագածի բանավեճը,  հասկացա, որ օվերտոնի պատուհան է։

 Թշնամական հարձակումը հիմա այլևս գործում է  դպրոցահասակ երեխաների  դեմ  ու կաթիլ- կաթիլ ներարկում են, թե Արարատը ինչ կապ ունի մեզ հետ։ Հիշե՛ք, վաղը դպրոցական ծրագրերից Շիրազներին ու Սևակներին  հանելու են,  պատմության ուսուցիչնե՛ր, հիշե՛ք հայ ժողովրդի դեմ այսօր թշնամական հարձակում է գործում։ Այն դասատուները, որոնք գլուխները կախած երեխաներին տանում նստացնում են Նիկոլ Փաշինյանի թշնամական հայտարարությունները լսելու,  դառնալու են մեղսակից։ Հանուն այդ երեխաների ապագայի մի պահ մտածեք, որ Շիրազներով ու Սևակներով դուք դաստիարակվել եք  ու մի՛ զրկեք մեր ապագա սերունդներին  նույն ձև դաստիարակվելուց»,- ասաց Մանուկյանը։

  • Կիսվել: