Առանց պայմանագրի զինվորականների վարձած բնակարանի համար դրամական փոխհատուցում տրամադրելը խնդրահարույց է. փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկած «Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններին, ասաց, որ նախագծով առաջարկվում է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում դրամական փոխհատուցում հաշվարկել՝ անկախ զինծառայողի կողմից բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքած լինելու հանգամանքից:
«Օրենքի նախագծի առնչությամբ կառավարությունը գտնում է, որ կատարվող փոփոխությունները չեն բխում սույն օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից, քանի որ հոդվածի վերնագրի և առաջին մասի բովանդակությունից ակնհայտ է, որ հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե դրամական փոխհատուցման տրամադրումն է, այլ բնակարանային կարիքի բավարարման կարիք ունեցող զինծառայողների դրանով ապահովումը, որը օրենսդիրը կապել է բնակելի տարածության վարձակալության պայմանագրի առկայության հետ: Միաժամանակ, գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը զինծառայողների բնակարանային ապահովության հարցում որևէ դրական առաջընթացի չի բերի, զինծառայողները ստացած ամսական դրամական փոխհատուցման հաշվին վարձակալելու են բնակարաններ՝ առանց որևէ փաստաթղթի, ինչը նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման տեսակյունից բավականին խնդրահարույց է:
Բացի այդ՝ պաշտպանության ոլորտի օրենսդրական, ներառյալ զինծայողների վարձատրության համակարգի, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքների բարեփոխումների շրջանակներում ՊՆ-ի կողմից 2022 թ-ից իրականացվելու է կառավարության և կառավարության 2021-26 թթ գործունեության միջոցառումների ծրագրերով նախատեսված համապատասխան օրենսդրական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում, որի շրջանակներում համալիր լուծումներ են տրվելու նաև զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացին: Հետևաբար, կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխություններից»,-ասաց Սարգսյանը:
Նշենք, որ Թովմասյանը առաջարկում է օրենքը խմբագրել հետևյալ կերպ՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
Թովմասյանը նշում է, որ տան վարձակալության պայմանագիր չունենալով՝ զինծառայողը ստիպված է լինում ուրիշ տան համար կնքել պայմանագիր, բերել այդ վարձակալության պայմանագիրը՝ նոտարով սահմանված կարգով և ստանալ վարձավճարի փոխհատուցում: Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազությունից տրված տեղեկություններով 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ խարդախության հոդվածով:
«Այսինքն՝ զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է: Որպեսզի այս իրավիճակը կանխենք և այդ 81 հոգին չդառնա 800 կամ 8000, առաջարկում եմ, որ այսուհետ ոչ թե զինծառայողից պահանջենք նոտարական վավերացմամբ փաստաթուղթ՝ վարձակալության անհրաժեշտ վկայականը, այլ միայն կադաստրի կողմից տրված տեղեկանքը», - ասաց Թովմասյանը: