ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում

Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում

Հանձնաժողովն ապրիլի 15-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կարգավորումը պայմանավորված է եզդի ազգի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման, անմեղ զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակի կողմից մարդկային այդ աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

«Վերջին ժամանակահատվածում նոր ուժ է ստացել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը: 2023 թվականին Գերմանիայի Դաշնության Բունդենսթագը միացավ այս նախաձեռնությանը և հանուն պատմական արդարության վերականգնման՝  ճանաչեց և դատապարտեց 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը»,- տեղեկացրել է Ռուստամ Բաքոյանը: Պատգամավորը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիայի որոշումը հետևել է Գերմանիայի Արդարադատության դաշնային դատարանի որոշմանը, որն «Իսլամական պետության» նախկին մարտիկին մեղավոր է ճանաչել ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ օգոստոսի 3-ը նշվելու է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է իր ուրույն տեղն ունենա աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ ԱԳՆ-ն ողջունում է նախաձեռնությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

  • Կիսվել: