երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արա Աբրահամյանը վրդովված է. Իշխանության կոմպրոմատների պայքարը նողկալի է, նողկալի է նաև ընդդիմության ցինիզմը

Արա Աբրահամյանը վրդովված է. Իշխանության կոմպրոմատների պայքարը նողկալի է, նողկալի է նաև ընդդիմության ցինիզմը

«Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կորոնավիրուսի պանդեմիան ոչ միայն լուրջ վնաս է հասցնում բնակչության առողջությանը եւ բարեկեցությանը, այլեւ խարխլում է աշխարհի շատ երկրների տնտեսությունները:

Հայաստանում, ցավոք սրտի, համաճարակի դեմ պայքարելու և դրա հետևանքները մեղմելու համար բոլոր ուժերի սպասվելիք համախմբման փոխարեն, այսօր զարգանում են վտանգավոր հասարակական գործընթացներ, որոնք սրում են հասարակության մեջ բևեռացումը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, նսեմացնում են մեր ավանդական արժեքները, եկեղեցին և հոգևորականությանը:

Այն դեպքում, երբ աշխարհի զարգացած երկրներում որոնում են COVID-19-ի դեմ դեղեր ու պատվաստանյութեր, հայ հասարակությանը " ներարկում են " կեղտոտ կոմպրոմատներ, որոնք ախտահարում են հասարակական ու պետական «օրգանիզմը», կաթվածահար անում և խարխլում հայոց պետականության հիմքերը և հանրային բարոյականությունը ։

Այսպես, օրերս մենք ականատես եղանք կոմպրոմատների նպատակաուղղված արտահոսքի "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելու նպատակով, մի մարդու, ով ոչ միայն կարողացավ կայանալ իր երկրում որպես հաջողակ գործարար և քաղաքական գործիչ, այլև շատ բան արեց նրա զարգացման և իմիջի համար ։ Երկար տարիների գործունեության ընթացքում Ծառուկյանը վաստակել է հեղինակություն և հարգանք, այդ թվում նաև արտասահմանյան գործընկերների շրջանում, իսկ դրանք խոշոր ընկերություններ և հայտնի քաղաքական գործիչներ են Ռուսաստանում, Բելառուսում, Արաբական Արևելքում, եվրոպական երկրներում: Նման նսեմացուցիչ և ոչ հարիր վերաբերմունքն ոչ միայն նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը, այլև վնաս է հասցնում հայկական բիզնեսին ՝ որպես այդպիսին, իշխանությունների հետ նրա փոխհարաբերություններին ։

Նմանապես զզվելի են նաև ընդդիմության հրապարակային բանավեճերի ցինիզմը, պետության առաջին դեմքերի արժեզրկումը, ՀՀ վարչապետի, նրա կնոջ արժանապատվությունը նվաստացնող հրապարակումները: Այդ ամենը արժեզրկում է համ իշխանությանը, համ ընդդիմությանը։

Մեզ ՝ Համաշխարհային հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, չի կարող չանհանգստացնել պատմական հայրենիքում տիրող իրավիճակը, նրա անվտանգության և բարեկեցության հարցերը ։

Ակնհայտ է, որ այսօր քաղաքական ինսինուացիաների, "մեղավորների" փնտրտուքի և պիտակավորման ժամանակը չէ և, առավել ևս, հայկական տնտեսության կարևորագույն, համակարգաստեղծ օղակներից մեկի ղեկավարին ճնշելու ժամանակը չէ։ Այսօր պետք է անհապաղ համախմբել ուժերն ու ռեսուրսները և գտնել կորոնավիրուսի համաճարակի և դրա հետևանքների հաղթահարման մեխանիզմները, այդ թվում ՝ տնտեսական: Իրավիճակը էլ ավելի է սրվել իշխանությունների բաց թողնված հնարավորությունների պատճառով:

Ժամանակն ու իրավիճակը պահանջում են հանրային համախմբում: Պետք է մի կողմ դնել անձնական հավակնություններն ու նախասիրությունները և կանգ առնել։ Միմյանց նկատմամբ ժամանակին հայտարարված բարոյական համաներումը շատ ավելի մեծ դիվիդենտներ կբերի հասարակությանը ՝ և հոգևոր, և նյութական, քան միմյանց հետապնդումները։

Միայն այդպես մենք կկարողանանք պահել և ամրապնդել ոչ միայն Հայաստանի ներսում հասարակական-քաղաքական հիմքերը, այլև նրա հեղինակությունը երկրից դուրս»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: