Apple, Microsoft, Mitsubisi. 17-18 ընկերություն համաձայնել է ՀՀ-ում մասնակցել ATOM ծրագրին․ նախագահ
Նորագույն տեխնոլոգիաների ուղղությամբ նոր գաղափարները ծնվում են այնտեղ, որտեղ կա այդ միջավայրը, և այդ տեղը Միացյալ Նահանգներն է, հատկապես՝ Կալիֆոռնիան։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ որպեսզի այդպիսի միջավայր ստեղծվի, անհրաժեշտ է ոլորտի առաջատարների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծել Հայաստանում, որոշ նեղ ոլորտներում դառնալ առաջատար։ Այս ուղղությամբ է գործելու ATOM ծրագիրը, որի շուրջ նախագահն աշխատում է արդեն մեկ տարի։
«Այսօր կարող եմ ձեզ պատմել, որ հաջողություն կա, որովհետև մոտ 17-18 ընկերություն, կազմակերպություն, համալսարան կա´մ գրավոր, կա´մ նախաստորագրված, կա´մ իրենց խոսքով համաձայնել են մասնակցել ATOM ծրագրին, որովհետև գաղափարը իրենց շատ գրավիչ է թվում»,- ասել է նախագահը։
Արմեն Սարգսյանը թվել է այդպիսի մի քանի խոշորագույն ընկերությունները` Apple, Microsoft, IBM, Siemens, Dassault Systems, Thales, Leonardo, Mitsubishi Heavy Industries: Այս ընկերությունները, ըստ Սարգսյանի, կա´մ ստորագրել են, կա´մ պատրաստ են խորապես քննարկել համագործակցությունը։
Ընկերությունները, ըստ Արմեն Սարգսյանի, իրենք են ընտրում՝ ինչ ծրագրեր իրականացնել, բայց բացի համատեղ ձեռնարկությունները, պայմանավորվել են, որ պետք է նաև կրթական ծրագրեր իրականացնեն՝ Հայաստանում իրենց անհրաժեշտ կադրերին պատրաստելու համար։