երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Անընդունելի է երթևեկության կազմակերպման խնդիրների համար վարորդին տուգանելը. ՄԻՊ

Անընդունելի է երթևեկության կազմակերպման խնդիրների համար վարորդին տուգանելը. ՄԻՊ

ՄԻՊ-ը վարորդի կամքից անկախ կատարած խախտման համար տուգանքի նշանակումն անընդունելի է համարում: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանն  ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

«Նախագծի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդպես էլ չիրականացվեցին պատշաճ իրազեկման աշխատանքներ: Նախագծի սկզբնական տարբերակում նախատեսված էր մինչև համակարգի գործադրումը 6 ամիս ապահովել իրազեկման աշխատանքների համար և ևս 6 ամիս ճանապարհային նշաններով կահավորելու համար: Արդյունքում ստացվեց, որ հասարակությունում կա տարերային բնույթ ունեցող տեղեկությունների սփռում: Եվ իմ գործունեության արդյունքները վկայում են, որ մարդիկ հստակ պատկերացում չունեն, թե ով ինչ խախտման համար կարող է պատասխանատվության ենթարկվել, և այս կամ այն վարքագիծը ինչ հետևանք կարող է առաջացնել: Չեմ կարող ասել, թե իրազեկման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվում, դրանք իրականացվում են, սակայն ստացվեց, որ նախ դրանք քիչ են և երկրորդն իրականացվում են այս համակարգի ներդրմանը զուգահեռ»,-ասաց ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ չնայած ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումներ, որոնք առաջացնում են միավորների զրկում, բացառապես կախված են վարորդի վարքագծից, օրինակ` առանց հաշվառման համարանիշի, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, ամրագոտի չօգտագործելը, այնուամենայնիվ, առկա են այնպիսիք, որոնց կատարմանը նպաստում է երթևեկությանն անհրաժեշտ պայմանների բացակայությունը: Այսինքն` դրանք մարդու կամքից առհասարակ կախված չեն:

  • Կիսվել: