Սեպտեմբերի 19-ը դժnխքի օր է մեզ համար. արgախgի Հասմիկ Միքայելյան
Այսօր Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ, կազմակերպվել է սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և ի խոնարհումն մեր նահատակների։
Նախաձեռնողները նշում են. «միասնական լուռ երթը հարգանքի տուրք է Արցախի ազգային-ազատագրական պայքարի բոլոր տարիներին՝ 1988–2023 թթ., իրենց կյանքը Հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանությանը նվիրաբերած հայորդիներին։
Հիշատակելու ենք նաև անհայտ կորածներին, Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով զոհված խաղաղ բնակիչներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի զոհերին։
Կարևոր ենք համարում նշել, որ նախաձեռնությունը որևէ կուսակցության կամ կազմակերպության միջոցառում չէ։ Այն զոհվածների ընտանիքների նախաձեռնությունն է և բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ հիշատակի արարողությանը»։
Արցախի «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մայրերն իրենց երեխաների հետ՝ մեծ, թե փոքր, առաջին գծում, թիկունքում եղել են տղամարդկանց կողքին։
«Ուս ուսի տված պայքարել ենք 30-ից ավելի տարիներ մեր անկախության, մեր հայ լինելու համար»,- ասաց տիկին Հասմիկը։
Նա հիշեց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 1.05-ին սկսվեց պայթյուններ Ստեփանակերտի վրա. «9 ամիս ապրել ենք բլոկադայի պայմաններում, դա մեզ չի խեղճացրել, հավատացել ենք, որ փրկվելու ենք, որովհետև պայքարել ենք։ Ձգտել ենք անել ամեն ինչ որ մնանք Արցախում, պահպանենք հայկական Արցախը։ Բայց մեզ պարտադրեցին մի քանի ժամում բռնել դժբախտության, բայց փրկության ճանապարհը. եկել ենք մեր մայր հայրենիք՝ Հայաստան։
Դժոխքի օր է մեզ համար 2023 թվականի սեպտեմբերի 19-ը»։
Տիկին Հասմիկը նշեց, որ Եռաբլուրում հանգցող տղաներն իսկական հերոսներ են. «Նրանք են հերոսները, Փաշինյանը հերոս չէ»։



