չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ԱՄՆ-ի ձեռամբ լեգիտիմացվում է «ադրբեջանական համայնք» հասկացությունը. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ի ձեռամբ լեգիտիմացվում է «ադրբեջանական համայնք» հասկացությունը. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը չի հիշում մի դեպք, երբ ղարաբաղյան բանակցությունների շուրջ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը երկու օր շարունակվի:

«Արտգործնախարարների մասով չեմ հիշում, որ երկու օր հանդիպեն բանակցությունների շուրջ, բայց երկու երկրների նախագահների մասով իհարկե, եղել են՝ ԱՄՆ-ում երբ Քոչարյանն ու Ալիևը հանդիպեցին», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Մամեդյարով-Մնացականյան երկու օր շարունակվող բանակցությունների բովանդակությանը, Սարգսյանն ասաց, որ այն դեռ չի ավարտվել, պաշտոնական հաղորդագրություն այդ մասին չկա և վաղ է մեկնաբանություններ անելը:

«Տասնյակ հարցեր կան, որոնք քննարկվում են: Դրանք ածանցյալ հարցեր են ու բնական է, որ սկզբունքային հարցեր չեն և այստեղ չի որոշվել Արցախի կարգավիճակը: Այդ ածանցյալ հարցերը շատ կարևոր են», - նկատեց Սարգսյանը:

Այդուհանդերձ, ժնևյան բանակցություններին զուգահեռ քաղաքագետին մեկ փաստ անհանգստացնում է՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը զուգահեռ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ:

«ԱՄՆ-ի ձեռամբ լեգիտիմացվում է «ադրբեջանական համայնք» հասկացությունը. Բաքվում ԱՄՆ դեսպանը հանդիպեց ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ, այն դեպքում, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանը չէր հանդիպել ԼՂ ներկայացուցիչների հետ: Սա լուրջ անհանգստանալու տեղիք է տալիս», -ասաց Սարգսյանը:

Նա այս համատեքստում հիշեցրեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Նիլսը այստեղ իր առաքելությունն ավարտելիս հայ հանրությանը կոչ էր արել գնալ զիջումների ու հավելեց.

«Նման հայտարարություն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը չէր արել: Այստեղ արդեն ակնհայտ միտում է նկատվում, որ գոնե Միացյալ նահանգների կողմից տեղի ունեցող որոշակի պրոցեսներ կան, որոնք իրականում հայկական կողմի համար վտանգավոր են: Ես հույս ունեմ, որ հայակական կողմը այդքանը գիտակցում է ու քայլեր ձեռնարկում է»:

Դիտարկմանը, թե տարբեր փորձագետների կողմից հնչեցվում է թեզ, իբր Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը քննարկվում է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծման հարցը, Սարգսյանը արձագանքեց.

«Բնականաբար, հստակ տեղեկություններ չկան, թե բանակցությունները ինչի մասին են և ինչի շուրջ են խոսում, բայց որևէ բան բացառել չի կարելի, որովհետև քննարկվող հարցերի փաթեթը չափազանց մեծ է և կարգավիճակին չի վերաբերում, այլ փասխտականներին, կարող է ռազմագերիների փոխանակման հարցերին վերաբերել, այնպես որ միանշանակ կարծիք հայտնել հնարավոր չէ»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ժնևում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Համանախագահների հետ հանդիպմանը հաջորդել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը շարունակվել է շուրջ 8 ժամ: ՀՀ ԱԳՆ-ի համաձայն, նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև այսօր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: