ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են. Ֆրանսիայի դեսպան

Ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են. Ֆրանսիայի դեսպան

Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ. Եվ վարչապետն ու Հայաստանի Հանրապետությունը պարզապես կլսեն ու հաշվի կառնեն այդ հայտարարությունները: Այս մասին «Արմենպրեսին»  տված հարցազրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով նրան, որ վերջերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում, Ֆրանսիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ՝ կանխելու նախապատրաստվող նոր պատերազմը:

«Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ, ի՞նչը կարող է լինել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի երաշխիքը, ԵՄ-ն, Ֆրանսիան ի՞նչ դերակատարում կարող են ունենալ այս առումով, Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է. «Տանգոն երկուսով են պարում: Նախևառաջ երկու կողմերը պետք է անկեղծորեն կամենան հանգել պայմանագրի: Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր է երրորդ կողմի աջակցություն և երաշխիքներ:

Մեր կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում մենք տեսել ենք, որ երաշխավորության համակարգը, որ գործում էր դեռ 2020-ից, չաշխատեց: Եվ մենք պետք է դասեր քաղենք դրանից:

Անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ապագա համագործակցությանը, Օլիվիե Դըկոտինյին նշել է. «Համագործակցությունը, որ ունենք Հայաստանի հետ, անշուշտ չի սահմանափակվում ռազմական հարցերով: Դա մեր համագործակցությունում վերջին համալրումն է: Այդ համագործակցությունում ներգրավված են բազմաթիվ դերակատարներ` Ֆրանսիայի կառավարությունը, Ֆրանսիական կառավարական գործակալությունները, ֆրանսիական ընկերությունները, ֆրանսիական հասարակական կազմակերպությունները, Ֆրանսիայում սփյուռքի կազմակերպությունները: Եվ բոլորը փորձում են հաշվի առնել ներկայիս իրավիճակը, Հայաստանի ներկայիս ռազմավարական իրավիճակը: Իմ խորհուրդն է նրանց, և ես նրանց շատ հաճախ եմ հանդիպում, կենտրոնանալ Հայաստանի ամենառազմավարական սեկտորների և ամենառազմավարական ոլորտների վրա` չնայած դրանք ամենամեծ սպառնալիքի տակ են: Եվ, եթե դու ռազմավարական մոտեցում ունես, ուրեմն չկա փոքր ծրագիր, չկա փոքր հարց: Ամեն ինչ տեղին է, օգտակար է, ազդեցիկ է, քանի դեռ դա մտածված է ռազմավարական առումով: Այսպիսով` այս առումով մի առաջնահերթություն, որ դրվել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու մեր նախագահի հանդիպման ընթացքում Փարիզում 2 շաբաթ առաջ, ենթակառուցվածքներն են՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի ոլորտներում: Հայաստանին ուժեղացնելը, աջակցելը նաև նշանակում է ուժեղացնել ենթակառուցվածքները: Եվ դրան մենք մեծ ուշադրություն ենք դարձնում»:

Հարցին՝ առաջիկայում Ֆրանսիայից բարձր մակարդակի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան, նա արձագանքել է. «Երկու երկրերի արտաքին գործերի նախարարները մի քանի շաբաթ առաջ հանդիպեցին: Դա ո՛չ Ֆրանսիայում էր, ո՛չ Հայաստանում, այնպես որ, ենթադրում եմ, որ կլինեն որոշ այցեր երկու կողմերից մոտ ապագայում: Եվ, ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետը հրավիրել է Ֆրանսիայի վարչապետին՝ այցելելու Հայաստան: Այցերը կարևոր են, որովհետև դրանք թույլ են տալիս զգալի առաջընթաց գրանցելու և գնահատականներ տալու կատարված աշխատանքներին: Բայց կան էլ ավելի շատ այցեր, քան միայն պաշտոնական այցերը, որոնց վրա, կցանկանայի, որ կենտրոնանանք: Հանգստյան օրերին 2 շատ նշանավոր ֆրանսիացի վիրաբույժներ Հայաստանում էին և աշխատում էին հայերի հետ՝ նրանց փոխանցելով շատ կարևոր հմտություններ, որոնք կարող են օգնել փրկել մարդկանց կյանքն արյունահոսությունների դեպքում: Վերջին հակամարտությունների զոհերի 30 տոկոսը եղել է արյունահոսության հետևանքով: Հայտնի վիրաբույժները գալիս են Ֆրանսիայից, ժամանակ են տրամադրում Հայաստանին օգնելու համար: Եվ նման բան ունենք բոլոր ոլորտներում: Կարևոր այցեր են սպասվում, բայց ոչ կարևոր այցեր չկան»:

  • Կիսվել: