Ալիևը «ռազմավարի պուրակը» կառուցելով մեզ հնարավորություն տվեց հոգեբանորեն պատրաստվել մեր ապագա հաղթանակներին. Անդրանիկ Քոչարյան
Ալիևը, ՛՛ռազմական ավարի պուրակը՛՛ կառուցելով, իմ կարծիքով՝ ստեղծեց մի գործընթաց, որի արդյունքում իր հաղթանակն արագ կմսխի, և մեզ հնարավորություն տվեց, որպեսզի հոգեբանորեն պատրաստվենք մեր ապագա հաղթանակներին, որովհետև այդ պուրակը մեր արժանապատվության հետ է շոշափվում: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա անդրադարձավ սահմաններ բացման մասին թեմայն և ասաց, որ սահմանների բացումը հրադադարի ռեժիմի մեջ ներառված մեր պարտավորություններից մեկն է, ինչպես, օրինակ, Ադրբեջանի այն պարտավորությունը, որ պետք է վերադարձնի գերիներին:
՛՛Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, որովհետև տեսնում է, որ գերիների խնդիրը հնարավոր է օգտագործել մեր ներքաղաքական դաշտի անկայուն վիճակը պահպանելու համար և սա նրա համար ցանկալի վիճակ է: Ինչքան ձգում է, այնքան տեսնում ենք, որ գերիների, անհետ կորածների հարազատների արդարացի պահանջը դառնում է Ադրբեջանի համար ցանկալի գործիքակազմ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար՛՛,-նշեց Քոչարյանը:
Պատգամավորի խոսքով՝ գերիների վերադարձի խնդիրը տևական պրոցեսի կարող է վերածվել, և հարցի ներքաղաքական խնդիր դառնալը թշնամու համար հաճելի է: Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ իշխանության համար գերիների վերադարձի հարցն առաջնային է. ՛՛Կարծում եմ՝ Ադրբեջանը որոշ ցանկություններ ունի գերիներին տալու դիմաց, բայց պահանջները հստակ ձևակերպված չեն, շատ է խոսվում, որ Ադրբեջանն ուզում է ականապատված տարածքների քարտեզները, բայց չեմ կարծում, որ սա իր համար մեկ նպատակներից մեկն է՛՛:
Քոչարյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մենք գնում ենք արհեստավարժ բանակ ունենալու ուղղությամբ: Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ գուցե այդ հաշվարկների իրականացման գործընթացն արդեն սկսված է: ՛՛Մենք դատապարտված ենք գնալ այդ ճանապարհով, որպեսզի հերթական պուրակները չունենան այն բնույթը, որը տեսանք մի քանի օր առաջ՛՛,-նշեց նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե դեռ շարունակում են շահարկվել նախկինների անունները տալը և ցանկացած հարցում նրանց մեղադրելը և հարցին, թե ե՞րբ են ավարտվելու այս շահարկումները և երևալու ներկայիս իշխանության մեղավորությունները՝ Քոչարյանն ասաց. ՛՛44 օրվա մեջ այդ հարցի պատասխանը գտնվել է: Այ հիմա գալիս է այն հարցը, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, թե ինչպիսի բանակ պետք է արդեն ունենանք: Ուզում եմ ասել, որ մեր այսօրվա խնդիրների մեջ հստակություն կմտնի այն ժամանակ, երբ մենք ազատվենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից, բայց նրանք միշտ մեզ հիշեցնել են տալիս իրենց գոյության մասին: Բնականաբար, սա ավարտական փուլն է՛՛: