շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալիևը Միշելին ասել է, իբրև թե Ադրբեջանի ութ գյուղեր «դեռևս Հայաստանի օկուպացիայի ներքո են»

Ալիևը Միշելին ասել է, իբրև թե Ադրբեջանի ութ գյուղեր «դեռևս Հայաստանի օկուպացիայի ներքո են»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Զրույցը տեղի է ունեցել Միշելի նախաձեռնությամբ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ալիևը զրույցի ընթացքում նշել է, որ Գրանադայի հանդիպումից իր բացակայության պայմաններում քառակողմ հանդիպման (ԵՄ-Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա) արդյունքներով ընդունված հայտարարության մեջ Ադրբեջանի հիշատակումը ճիշտ մոտեցում չէ:

՛՛Նախագահ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով ։ Ալիևը հատուկ նշել է, որ Հայաստանին զենք տրամադրելու Ֆրանսիայի ծրագրերը ծառայում են ոչ թե խաղաղությանը, այլ նոր դիմակայությանը: Եվ եթե տարածաշրջանում նոր դիմակայություն տեղի ունենա, ապա դրա պատճառը հենց Ֆրանսիան կլինի՛՛, - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Ալիևը նաև անընդունելի է համարել Եվրախորհրդարանի՝ իր խոսքով՝ ՛՛հակաադրբեջանական՛՛ բանաձևը, ընդգծել, որ այն հիմնված է ՛՛այլատյացության և շովինիստական մոտեցման վրա՛՛: Նրա կարծիքով՝ այս բանաձևը չի նպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Ալիևը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Ադրբեջանն ինքնապաշտպանության համար օգտվել է միջազգային իրավունքից և ՄԱԿ-ի կանոնադրությունից, ՛՛ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունը և վնասազերծել ՛՛անօրինական զինված կազմավորումները՛՛, որոնք գտնվում էին ադրբեջանական տարածքում՛՛՝ հավելելով, որ այդ կապակցությամբ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր քայլերը ՛՛լիովին համապատասխանում էին միջազգային իրավունքին՛՛:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի հայերին, և սկսվել է նրանց գրանցման գործընթացը: ՛՛Ալիևը նշել է, որ հենց ՛՛անօրինական անջատողական՛՛ ռեժիմն է ստիպել Ղարաբաղի հայերին լքել այդ տարածքը եւ տեղափոխվել Հայաստան",- ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս ՛՛գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ՛՛, ընդգծել դրանց ՛՛դեօկուպացիայի՛՛ կարևորությունը:

՛՛Միշելն իր հերթին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՛՛, - ընդգծում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: