Ալիևը գյուտ չի արել, Հայաստանի կառավարությունը ևս հայտնել է, որ Ատոմակայանը կարող է գործարկվել մինչև 2036 թվականը․ Խանդանյան
«ԹՐԻՓՓ-ի հետ կապված՝ Ադրբեջանը հայ սահմանապահի դեմք տեսնելո՞ւ է, թե՞ ոչ»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին, ով առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում։
Նա մանրամասնեց իր հարցի իմաստը. «Ադրբեջանի նախագահն ասում էր, որ ադրբեջանցիները սահմանին չեն տեսնելու ոչ մի հայի դեմք՝ ոչ սահմանապահ, որ մաքսային»։
Խանդանյանն, ի պատասխան հարցի, օրինակ բերեց. «Երբ որ գնում եք Դուբայ, եթե ունեք բիոմետրիկ անձնագիր, հաճախ որևէ մեկի դեմքը չեք տեսնում։
Համաձայնագրում նշված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին, այսինքն հնարավորինս արագ ու այդ տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է իրականացվի»։
Մ.Մանուկյանը մեջբերումներ արեց նաև հայկական ԱԷԿ-ի հետ կապված Ալիևի հայտարարությունից. «Ալիևն ու Թուրքիան ասում են՝ մեր ատոմակայանը պետք է փակվի։ Իսկ մեզ համար ատոմակայանը ոչ միայն էներգետիկ անվտանգության կոմպոնենտ ունի, նաև ազգային անվտանգության, կարող եմ դա հիմնավորել»։
Խանդանյանն արձագանքեց. «Ինձ մեկ-մեկ թվում է՝ այս դահլիճում Բաքվի ռադիոն են միացնում։ Իսկ ի՞նչ է ասում Ատոմային էնեգիայի միջազգային գործակալությունը։ Գուցե հղում անեք գործակալությա՞նը Հայաստանի ատոմակայանի փակման ժամկետների վերաբերյալ։ Ալիևը գյուտ չի արել, Հայաստանի կառավարությունը ևս հայտնել է, որ Հայաստանի Ատոմակայանը կարող է գործարկվել մինչև 2036 թվական և պետք է նմանատիպ կարողություններով նոր ատոմակայան։ Որևէ նորություն չկա»։



