հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ալիևի կայծակնային պատերազմի պլանը տապալված է. Քաղաքագետ

Ալիևի կայծակնային պատերազմի պլանը տապալված է. Քաղաքագետ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով, ադրբեջանական քարոզչությունը մշտապես առաջ է տարել այն թեզը, որ Հայաստանը առանց Ռուսաստանի չի կարող գոյաևել կամ չի կարող պահել Արցախը: Այդ երկիրը, ըստ քաղաքագետի, մշտապես սահմանային սրացումների ժամանակ հույսը դնում է այն բանի վրա, որ վճռական լուծումների դեպքում Ռուսաստանը չի ընտրի հայանպաստ դիրքորոշում:

«Ես կարծում եմ, որ այս պատերազմի պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեր անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու մասին պետք է որ սթափեցնի Ալիևին: Մենք ներկա պահին տեսնում ենք, որ Ալիևի կայծակնային պատերազմի պլանը տապալված է, մի քանի օրում Ստեփանակերտ մտնելու նրանց մտադրություններն, ըստ էության, չեն իրականանում>, -InfoPort.am-ին ասաց քաղաքագետը՝ մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա:

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, հակամարտության լուծումը միայն Երևանում և Բաքվում չէ, որովհետև չկան երկկողմանի բանակցություններ, չկա զիջումների այն սահմանը, որին կարող են գնալ Հայաստանը և Ադրբեջանը։
Ինչ վերաբերում է այս հակամարտությանը Թուրքիայի անթաքույց ներգրավվածությանը, ապա ըստ Քեռյանի, տարածաշրջանում այդ երկիրը մշտապես ձգտել է դառնալ թելադրող:

Ըստ նրա, այդ երկիրը ձգտում է այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը փոխարինել թուրքականով:


«Մենք չպետք է քարոզչական աղմուկ բարձրացնենք՝ վայ-վույ Թուրքիան գալիս է, իսկ ե՞րբ չի եկել։ Միայն ռուսական ազդեցությունն է, որ հակակշռել է այդ երկրին։ Իսկ ի՞նչ դեր են կատարել եվրոպական մարդասիրական պետությունները։ Տարածաշրջանում կատարվածը ֆիքսել են ու գնացել։ Բայց գործուն միջամտություն խնդիրների լուծման ուղղությամբ չեն արել։ Այնպես որ մենք մեր հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա>, -ընդգծեց քաղաքագետը։

  • Կիսվել: