Ալեն Սիմոնյանի հայտարարությունները նախընտրական պոպուլիզմ են. թույլ չենք տա որևէ մեկին մեզ դասեր տալ. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսական կողմը հստակորեն տարանջատում է եղբայրական հայ ժողովրդին և իշխանության կարճատես ներկայացուցիչներից։ «БЕЛТА»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակի Բելառուսի «ոչ ինքնուրույնության» վերաբերյալ վերջերս արած հայտարարությունները։
«Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածի ուշադրությունը ներքին ծանրագույն խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատությունը գերազանցում է բոլոր սահմանները՝ արդեն անցնելով 40%-ի շեմը, աճում է գործազրկությունը, իսկ որոշ շրջաններ լճացման մեջ են, ամենահեշտը արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակներ հնչեցնելն է։ Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ռ. Վարանկովը։
ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Բելառուսը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։
«Մենք հպարտանում ենք այդ համագործակցությամբ և թույլ չենք տա որևէ մեկին մեզ դասեր տալ։ Մինսկին ներքաղաքական քաշքշուկների մեջ ներքաշելու փորձերը՝ առասպելական միջամտության կարգախոսների ներքո, տարրական դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում են։ Պաշտոնական Երևանի այսպես կոչված «հավասարակշռված արևմտամետ կուրսի» արդյունքներն ակնառու են՝ դեպոպուլյացիա, տնտեսական անկայունություն և լիակատար արտաքին քաղաքական կախվածություն, որը ստիպում է խամաճիկի պես սպասարկել օտարների գագաթնաժողովները»,- նշեց նա։


