հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը. ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ

Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը. ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չկատարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարտի 15-ի հանդիմանը ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը:

Ելույթում մասնավորապես նշվել է՝

Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքի խնդրից։

Շարունակելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ մարտի 5-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում նախաձեռնել է դիվերսիոն հարձակում, որի արդյունքում զոհվել է ԼՂ ոստիկանության երեք ծառայող։

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է ԼՂ հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Վերահաստատելով Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը՝ Հայաստանը ևս մեկ անգամ ընդգծում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության անհապաղ գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը։

  • Կիսվել: