Ադրբեջանը «սադրիչ» է անվանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ ՀՀ-ի և Արցախի դեմ Բաքվի ագրեսիան դատապարտող բանաձևը
Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովն արձագանքել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ընդունած՝ ՛՛Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ՛՛, տեղեկացնում է Trend-ը։
Ադրբեջանը հայտարարության մեջ ՛՛խիստ բողոք՛՛ է արտահայտել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի ՛՛սադրիչ, անհիմն և կեղծ բանաձևի դեմ՛՛։
՛՛Կիպրացի պատգամավորների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման սադրանքները՝ ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը, ծառայում են ուժերին, որոնք ՛՛30 տարի ապօրինաբար Ադրբեջանի 20 տոկոսը օկուպացիայի տակ էին պահում՛՛,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ անցել է ավելի քան մեկ տարի Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից, որը ՛՛վերջ դրեց պատերազմին և ստեղծեց պայմաններ՝ տարածաշրջանում խաղաղ կյանքի նոր փուլի համար՛՛:
Հիշեցնենք, որ Կիպրոսի ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 3-ին ընդունված բանաձևով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ, պահանջում է ի կատար ածել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ գերիների անհապաղ ազատ արձակումը:


