կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին․ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ ավստրիական առաջատար օրաթերթին

Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին․ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ ավստրիական առաջատար օրաթերթին

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները:

Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։

Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է։

Հարց. Վերջերս լուրեր տարածվեցին Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը դեպի Լեռնային Ղարաբաղ տանող կարևոր տրանսպորտային հանգույց է: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն այնտեղ։

Պատասխան. Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է:

  • Կիսվել: