Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի քաղաքներում ու գյուղերում բնակվող խաղաղ բնակիչներին․ Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ-ում
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ԽՎ աշխատանքների շրջանակում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով խոսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային։
Այս ագրեսիայից մի քանի օր անց ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեցին սարսափելի տեսանյութեր, որոնք ցուցադրում էին անզեն հայ զինվորների արտադատական մահապատիժները: Զոհված հայ կին զինծառայողների մարմինները խոշտանգվել են, ապա դաժանաբար տեսանկարահանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից:
Մի քանի շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ատելությամբ բորբոքված ելույթով, որում փառաբանում էր այդ հանցագործությունները եւ արդարացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան: Այդ ելույթում Ալիեւը պարծենում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են առանցքային ռազմավարական բարձունքներում՝ թվարկելով Հայաստանում իր հնարավոր նոր թիրախների աշխարհագրական տեղանքների անունները: «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում... Այս ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար»,- ասաց նա:
Այդ վայրերը Հայաստանի քաղաքներն ու գյուղերն են, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում, եւ Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն սպառնում է այդ մարդկանց: Իր ելույթում նա նաեւ ուղերձ ուներ միջազգային հանրության համար՝ ասելով. «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, մենք երբեք չէինք սկսի ղարաբաղյան երկրորդ պատերազմը»:
Հարգելի՛ գործընկերներ,
ԵԱՀԿ-ի հիմնադիր փաստաթղթում ընդունված առաջնորդող սկզբունքներից մեկն ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալն է: Հելսինկյան եզրափակիչ ակտը հստակ սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը ենթադրում է ուժի սպառնալիք կամ ուժի ուղղակի կամ անուղղակի կիրառում մասնակից այլ պետության դեմ: Այս վեհաժողովը պետք է շատ ամուր լինի այդ սկզբունքի պաշտպանության հարցում եւ պետք է հստակ դատապարտի այդ սկզբունքի խախտումները»,- եզրափակել է Սարգիս Խանդանյանը: