շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը, չստանալով միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանը, չստանալով միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը․ ԱԽ քարտուղար

«Լուրերի» տաղավարում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին և սահմանային լարվածությանը, հայտարարեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ նույնիսկ ապաշրջափակման ուղղությամբ:

«Գիտեք, որ երբ ՌԴ-ի կողմից հրապարակվեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ գործողություն չի լինելու, առաջին քայլերը, որ հետևեցին, Կապան-Գորիս ճանապարհի հատվածների փակումն էր, մաքսակետերի տեղադրումը, դրան հետևեցին սահմանային լարումները: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որը ընթանում է, ամբողջովին ապակայունացնել և տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է ոչ միայն հետաձգել, այլև խափանել ամբողջ սահմանազատման, սահմանագծման գործընթացը, որովհետև ապաշրջափակմանը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացին Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսել ԽՍՀՄ-ից գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի հիման վրա, և այդ առումով բազմիցս՝ և՛ բարձր, և բարձրագույն մակարդակում ՀՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անցնել այս գործընթացը, բայց Ադրբեջանը պարբերաբար տորպեդահարել է, և այսօր, գտնվելով ՀՀ սուվերեն տարածքում, խախտում է այն միջավայրը ստեղծելու հնարավորությունը, որտեղ կարելի է սահմանագծում և սահմանազատում սկսել»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: