ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ադրբեջանում հայերի և հայկական մշակույթի նկատմամբ ատելությունը օր օրի ավելի է մեծանում․ Արման Եղոյան

Ադրբեջանում հայերի և հայկական մշակույթի նկատմամբ ատելությունը օր օրի ավելի է մեծանում․ Արման Եղոյան

Չի կարելի վերջ դնել հակամարտությանը՝ պարզապես հայտարարելով դրա ավարտի մասին եւ չվերացնելով հակամարտության բուն պատճառները։ Այս մասին Երեւանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Խոսելով արցախյան հակամարտության պատճառների մասին՝ նա մատնանշեց դրանց չլուծված լինելը։ «Դրանք դեռ շարունակում են մնալ, քանի որ դեռ չեն լուծվել։ Կարծում եմ, որ այս պատճառներն էլ ավելի են խորացել։ Ադրբեջանում հայատյացությունը, ատելությունը հայկական մշակույթի, Հայաստանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ, ցավոք, գնալով ահագնանում է»,- ասաց Եղոյանը։   

Ի հաստատումն ասվածի՝ Եղոյանը հիշեցրեց Ադրբեջանի իշխանությունների վերջին որոշումը, այն է՝ հատուկ հանձնաժողով ստեղծել, որի աշխատանքներն ուղղված են լինելու Արցախի օկուպացված տարածքներում հայկական ինքնության հետքերի, մշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացմանը։  

Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների նման հայտարարություններն ու գործողությունները տարակուսանք առաջացրեցին պատգամավորի մոտ։ 

«Ես չեմ հասկանում, թե այս դեպքում ինչ նկատի ունեին մեր ադրբեջանցի գործընկերները։ Ի՞նչ էին նրանք մտածում։ Սակայն այս մասին ցանկանում եմ տեղեկացնել մեր եվրոպացի գործընկերներին»,- ասաց Արման Եղոյանը։

Պատգամավորի խոսքով՝ նույնը կլինի, ինչ եղավ 2003-2004թթ․ Նախիջեւանի հայկական տապանաքարերի ու խաչքարերի հետ։ Այդ ժամանակ ադրբեջանցիները պարզապես ոչնչացրեցին դրանք եւ նետեցին գետը։

 
Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: