կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

Ղարաբաղյան հարցի կարգավորման համար Մեղրիի տարբերակում  Թուրքիան այդ պատմության մեջ չկար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ էր տարբերվում Մեղրիի տարբերակը, որն իր իշխանության տարիներին առաջարկվում էր իբրեւ լուծում Ղարաբաղյան հարցի կարգավորման համար, ինչո՞վ է տարբերվում այն տարբերակից, որն հիմա է իրագործվում է, եւ որն էլ ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։

«Իսկ դուք տարբերությունը չե՞ք տեսնում։ Այն ժամանակ խոսքը գնում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը եւս ունենալու է նույն կարգավիճակը։ Միջանցքի լայնությունը անվտանգության տեսանկյունից ես այսպես էի ձեւակերպել՝ գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցք։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի անորոշության եւ անվտանգային առումով եւ կարգավիճակի հետ. տարբերությունը դրա մեջ է»,- ասաց երկրորդ նախագահը։

Հարցին՝ ինչո՞ւ այդ տարբերակը չիրագործվեց, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել։ Ես իմ գրքում դրա մասին մանրամասնորեն գրել եմ։ Ինքն ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, ասաց՝ համարում է, որ ինքը գերագնահատել է իր հնարավորությունը՝ ազդելու հասարակական կարծիքի վրա»։

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ այդ տարբերակով խոսքը ճանապարհի իրավունքի մասին էր. «Խոսքը գնում էր ավտոմոբիլային ճանապարհի մասին»։

  • Կիսվել: