կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվությունն ուղեկցում է ռազմական ինտենսիվ մատակարարումներով. Աբրահամյան

Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվությունն ուղեկցում է ռազմական ինտենսիվ մատակարարումներով. Աբրահամյան

Վերջին 2-3 օրերին սահմանին իրավիճակը որոշակի ակտիվացել է, նաև  Հայաստանի  տարբեր բնականավայրեր են թիրախավորվել Ադրբեջանի կողմից։ Այս մասին այսօր ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, միջնորդական  առաքելությունը, որ ստանձնել են տարբեր  միջազգային սուբյեկտներ և փորձում են  ցույց տալ, որ ամեն ինչ անում են մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության  ապահովման տեսանկյունից, այս իրավիճակում նրանց քայլերը պետք է լինեն շատ ավելի գործուն։

«Սպասում ենք ԵՄ առաքելությունից ոչ միայն փաստերի արձանագրում, զեկույցներում դրանց ամրագրումը, այլ շատ կարևոր է,  որ դրանք  վերածվեն նաև քաղաքական ճնշումների»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանն նկատեց, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ակտիվությունն ուղեկցում է նաև Ադրբեջանի կողմից բավականին ինտենսիվ  ռազմական մատակարարումների ներկրմամբ և այս իրավիճակում, ակնհայտ է, թե ինչու համար է Ադրբեջանը դա իրականացնում։

«Դժվար է ասել այս, թե մեկ այլ փուլում իրադարձությունն ինչպես կզարգանա, բայց ակնհայտ է, որ այս գործընթացը և  Ադրբեջանի  սպառազինումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ  և, բնականաբար, այդ զենքերն ու զինատեսակները մի օր կրակելու են»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, ինչն, իհարկե, չի բացառում որոշ ուղղություններով հավանական են գործողություններ։

Աբրահամյանն ընդգծեց, որ այն սուբյեկտները, կառույցները, երկրները, որոնք հայտ են ներկայացնում Հարավային Կովկասում անվտանգություն և խաղաղություն ապահովելու հարցում, նրանց քայլերը պետք է լինեն առարկայական. դա վերաբերում է ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ՌԴ-ին։

«Մեր հասարակության համար այդ քայլերն ու առաջարկվող գործիքակազմը պետք է լինի ընկալելի, տեսանելի, արտահայտվի կոնկրետ առաջնագծում»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը նաև ասաց. «Այն հանգամանքը որ պայմանականորեն հավաքական Արևմուտքը և տարբեր երկրներ անտեսում են քաղբանտարկյալների  ներկայությունը հայաստանյան իրականության մեջ և այս պայմաններում  Հայաստանին ժողովրդավարության կամ մարդու իրավունքների առումով գնահատական են հնչեցում, բնական է,  դրանք մեր  հանրության համար չեն կարող անկեղծ հնչել։

Այսօր Հայաստանի իշխանությունը գործադրում է  բոլոր քայլերը, որոնք քողարկում են մի կողմից,  մյուս կողմից էլ ԵՄ նաև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով բլոկում է  քաղբանտարկյալների  կամ ժողովրդավարության հետ կապված ցանկացած  խնդիր, որը կապված է Հայաստանի հետ»։

  • Կիսվել: