Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակում է՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Օհանյան
Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է ավելի շահեկան՝ թելադրողի, պարտադրողի վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպմանը:
«Նա է թելադրում օրակարգը, դա ակնհայտ է, որովհետև պատերազմական գործողություններից հետո ստորագրված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները պարտադրեցին ՀՀ-ին, որ պատերազմը և՛ կանգնեցվի, և՛ Արցախի մի հատվածը հանձնվի Ադրբեջանին: Բացի այդ՝ ՀՀ սահմաններից որոշակի ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ անցան Ադրբեջանին»,-ասաց Օհանյանը:
Նա նշեց՝ երբ խոսվում է սահմանների անվտանգության, հետագայում՝ դրանց ճշտման գործընթացի մասին, տարբեր քաղաքացիներ հիշեցնում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի հիմնական շեշտը ՀՀ ներքին սահմանային ճշտումներն են, ոչ թե արտաքին:
«ՀՀ իշխանությունները պետք է հասկանային, որ մանավանդ Սյունիքի սահմաններում մենք չպետք է հետ շարժվեինք մեր կանգնած տեղերից: Ալիևի հոխորտանքները, հռետորաբանությունն ուղղված են նրան, որ պարտադրի ՀՀ-ին սահմանների բացման, ճանապարհների ապաշրջափակման և միջանցքի ձևավորման շրջանակներում կապ հաստատել Նախիջևանի հետ՝ իրենց հեռահար նպատակների իրականացման համար»,-ասաց նա՝ նշելով, թե չգիտեի՝ ՀՀ-ն այս դիրքերում ինչ պետք է բանակցի Ադրբեջանի հետ:
«Խաղաղության թեզի ներքո ՀՀ-ն հայտնվելու է Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության խաբկանքի մեջ: Մենք չունենք ո՛չ այն իրավապայմանագրային հենքը, ո՛չ այն ռազմաքաղաքական իրավիճակը Հայատանում և տարածաշրջանում, ո՛չ այն քարտեզները, որոնք հիմք կհանդիսանան սահմանների ճշտման ուղղությամբ: Այս իրավիճակում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, նշանակում է՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը շատ մեծ հարված կլինի Արցախի Հանրապետությանն ու ժողովրդին»,-ասաց նա: