ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի գործողությունները շատ են խոչընդոտում խաղաղության գործընթացին. Խանդանյան

Ադրբեջանի գործողությունները շատ են խոչընդոտում խաղաղության գործընթացին. Խանդանյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, Ադրբեջանի նախագահի կողմից արվող քաղաքական հայտարարությունները շատ են խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի գործընթացին:

Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե խաղաղության գործընթացը փակուղում է՝ հիշեցնելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Հայաստանն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է արձագանքի:

«Իհարկե, Ադրբեջանի վարքն ու գործողությունները շատ խոչընդոտում են գործընթացին: Խոսքը թե Լաչինի միջանցքի, թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին է: Ադրբեջանի նախագահի կողմից արվող քաղաքական հայտարարությունները ևս խոչընդոտում են»,-ասաց Խանդանյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի գործընթացի առաջխաղացմանը:

Նա նշեց նաև, որ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը մեկնարկել է Վաշինգոտոնում, բայց Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է յուրաքանչյուր հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Կարևոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այդ պայմանագրի կենսունակությունը:

«Եվ մենք մեր ուղենիշներից չենք շեղվում, շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե ՔՊ պատգամավորն  ի՞նչ տեղեկություններ ունի Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների մասին, արդյոք դրանք ստեղծված իրավիճակում հանգեցրել են որևէ առաջընթացի՝ պատգամավորն արձագանքեց․ «Այո՛, տեղի է ունեցել հանդիպում, դա հաստատել են  նաև մեր գործընկերները։ Ես կարծում եմ՝ այս հարցի շուրջ առաջընթացը Լաչինի միջանցքի բացումն է, որովհետև դա պետք է լինի հիմնական պահանջը և ենթադրում եմ՝ դա է բանակցությունների առանցքում եղել և մինչև այս պահը  Լաչինի միջանցքը փակ է, այսինքն՝ բանակցությունների արդյունքներն այս պահին տեսանելի չեն։ Թե լրացուցիչ ինչ դետալներ են քննարկվել բանակցությունների ընթացքում ՝ես տեղյակ չեմ» ։ 

  • Կիսվել: