շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերը. Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳՆ-ին

Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերը. Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳՆ-ին

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով:

Արարատ Միրզոյանը և Իվիցա Դաչիչը քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ 9 ամիս ապօրինի արգելափակմանը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին: Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգություններին՝ ընդգծվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: