երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունն արդեն հասանելի է դարձել. ԵԱՀԿ նախագահ

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունն արդեն հասանելի է դարձել. ԵԱՀԿ նախագահ

Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը և գտնում է, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության ֆեդերալ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինյացիո Կասիսը նշել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց կողմերը բավականին մոտեցել են վերջնական փաստաթղթի ստորագրմանը։

«Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց տևական խաղաղությունն արդեն հասանելի է դարձել։ Մենք Շվեյցարիայում հպարտ ենք, որ թեկուզ փոքր, բայց ավանդ ենք ունեցել այս ճանապարհին ձեռնարկված քայլերում։

Ես կոչ եմ անում իմ ադրբեջանցի գործընկերոջը շարունակել ջանքերը, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնագիրը։ Դա կարևոր քայլ կլինի երկու երկրների ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի համար հաշտեցման ու կայունության ճանապարհին»,- ընդգծել է նա։

Նախարարը նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է այսուհետ ևս աջակցել խաղաղ գործընթացին, եթե կողմերը դիմեն համապատասխան խնդրանքով։

«Շվեյցարիան պատրաստ է աջակցել գործընթացին, եթե դրա անհրաժեշտությունը ծագի և կողմերը նման ցանկություն հայտնեն։ Մեր երկիրը Հարավային Կովկասում վստահության ամրապնդման ոլորտում բազմամյա փորձ ունի, և մենք պատրաստ ենք այսուհետ ևս մեր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ»,- հավելել է Ինյացիո Կասիսը։

  • Կիսվել: