հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը չի կատարվում, որովհետեւ Ադրբեջանի վարքագիծը իր ողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին, այսօր ԱԺ –ում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ որոշումը, այլեւ աղավաղում է դրա բովանդակությունը, որի դեմ ՀՀ պետական մարմինները պետք է իրականացնեն հակընդդեմ պայքար, ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որ նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Բացի այդ, երկկողմ մակարդակում պետք է տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել, հարցը անընդհատ բաց պահելու, նաեւ միջազգային հանրությանը որոշման բովանդակության աղավաղման փորձերը  կանխելու համար»,-ասաց նա:

Կիրակոսյանը ընդգծեց, որ Հաագայի դատարանի որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ եւ նաեւ դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար. «Մենք ունենք շատ հստակ, իրավական առումով լավ հիմնավորված որոշում»:

Հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը այդպես էլ չկատարի այդ որոշումը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Միջազգային հանրության կողմից արդեն հնչել են արձագանքներ: Մի շարք երկրների ԱԳՆ-ներ հնչեցրել են կոչեր, հայտարարելով, որ Արդարաատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվեց հայտարարություն: Պետք է աշխատել այս տրամաբանության մեջ: Ուրիշ ճանապարհ չկա, պետք է աստիճանաբար աշխատել, Սփյուռքն էլ իր դերն ունի այստեղ»:

Նա նկատեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. «Սանկցիաների հարցերը ունեն որոշակի իրավական մեխանիզմներ, կախված նրանից, թե ինչ սանկցիաների մասին է խոսքը: Ես որեւէ բան չեմ բացառում, բայց դա ավելի շատ վերաբերում է մարդասիրական օրենքի կոպիտ խախտումներին, պատերազմական հանցագործություններին կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Այո, այդ իրականությունը, ցավոք, ունենք, բայց դե սա նաեւ մի քիչ այլ հարթության աշխատանք է»:

  • Կիսվել: