շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը. Նաղդալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը. Նաղդալյան

Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն բայրամովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ: 

Այս առնչությամբ Նաղդալյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո: 

Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։

Հավելեմ նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, և նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը:

Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը՛՛: 

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներին»:

  • Կիսվել: