ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հայտարարություններին, ինչպես միշտ՝ ադրբեջանական կեղծ թեզերով և ռազմաշունչ հռետորաբանությամբ։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի հունիսի 27-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված մի շարք հայտարարություններ կասկածի տակ են դնում այդ երկրի՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ցանկությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Բաքուն, իբր, ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար և դրա նախաձեռնողն է։ Բացի այդ, Բաքուն նաև հայտարարում է, որ «եթե Նիկոլ Փաշինյանի պնդումներին համաձայն՝ Ադրբեջանը ցանկանար նոր պատերազմ, ապա հսկայական ջանքեր չէր գործադրի Արցախի գրավյալ տարածքները վերականգնելու համար»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, լռել է այն հարցում, որ եթե Բաքուն իսկապես պատերազմ չի ուզում, ապա ինչո՞ւ է նախօրեին նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ սահմանին պատերազմի սպառնալիքներ ուղղում Երևանին։ Շարունակելով ապակառուցողական ու ռազմակատենչ հռետորաբանությունը ու խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Բաքուն խոսում է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի մասին», որը, իբր, «իրականություն է դարձել»։

Նույնիսկ այս հայտարարության մեջ խախտելով եռակողմ հայտարարությունն ու չկատարելով սեփական պարտավորությունները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է Հայաստանին մեղադրել։ Անդրադառնալով Բրյուսելում նախօրեին Բաքվի կողմից չեղարկված Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը՝ ադրբեջանական գերատեսչությունը Հայաստանին է մեղադրել, իբր, տարբեր պատրվակներով ու սադրանքներով հանդիպումներից խուսափելու մեջ։

Նշենք, որ հայկական կողմը երբեք որևէ հանդիպում չի չեղարկել։ Ըստ ամենայնի, Բաքվի սրտով չեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմանն ուղղված Երևանի քայլերը։

«Եթե ​​Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, և ժամանակ չկորցնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որը միշտ անարդյունավետ է եղել, և որի անդամներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ի դեպ, Ադրբեջանում, կարծես, տեղյակ չեն, որ նախօրեին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների հանդիպումը։

  • Կիսվել: