հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
 Ադրբեջանցիները բանակցությունների միջոցով զորքերը հետ չեն քաշի․ Սեյրան Օհանյան

Ադրբեջանցիները բանակցությունների միջոցով զորքերը հետ չեն քաշի․ Սեյրան Օհանյան

Այս իշխանություններն իրավիճակին չեն տիրապետում եւ չեն կարող որոշել ստեղծված իրավիճակում առաջնահերթությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դիրքային փոփոխություն չի եղել, իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն ընդունեց, որ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել:

«Սա նոր բան չէ, Հայաստանի իշխանությունների հայտարարություններում միշտ էլ եղել են հակասություններ, հակասական գործողություններ։

Պայմանավորվածությունների շրջանակներում պետք է նոր ճանապարհ նախագծվեր կառուցվեր, ընդ որում միջանցքի գաղափարն առաջ տանելով, որովհետեւ միջանցքի մեջ ոչ միայն ճանապարհներն են, այլեւ գազատար, էլեկտրագծեր, կապի միջոցներ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն արագ իր ճանապարհը կառուցել է, իսկ հայկական կողմը այլընտրանքային ճանապարհը չի կառուցել լիարժեք: Իրենք ասում են, որ ապրիլի 1-ին պետք է ճանապարհը բացվեր, այդ դեպքում ինչու է թույլ տվել, ի՞նչ պայմանավորվածություններ կան Ալիեւի հետ: Հերթական անգամ Ալիեւը խախտում է պայմանավորվածությունները»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նաեւ հավելեց, որ ոչ մի հույս չունի, որ բանակցություններով Հայաստանը կարող է հետ վերադարձնել այդ տարածքները. «Երբ դու տեսնում ես, որ քո իշխանություններն անընդհատ սխալվում են, անընդհատ թույլ են տալիս հակառակորդին առաջ գալ, սա խոսում է այն մասին, որ կամ չեն գիտակցում, կամ նման պայմանավորվածություններ ունեն: Հույս կապել թուրքադրբեջանական տանդեմի հետ, որ կարող են նրանք բանակցություններով հետ քաշվել, չի ստացվի»:

  • Կիսվել: