հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ լինում են, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ ևս տեղի են ունենում. Աղաջանյան

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ լինում են, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ ևս տեղի են ունենում. Աղաջանյան

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ այն, թե արդյոք կստացվի՞ մինչև տարեվերջ իրականացնել դա, ցավոք, միայն մեզնից չէ կախված:

Լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարում է, թե իրենց ութ գյուղեր գտնվում են հայկական օկուպացիայի ներքո, արդյոք սահմանազատման ուղղությամբ գործընթաց ընթանու՞մ է, Աղաջանյանը պատասխանեց. ՛՛Դրանք նոր հայտարարություններ չեն, գործընթաց տեղի է ունենում, բայց գործընթացներին պետք է մոտենանք ընդհանուր ժամանակի կոնտեքստում: Դա չպետք է ընկալել ամենօրյա հանդիպումների տեսքով: Գործընթացները, այո, ենթադրում են հանդիպումներ երկկողմանի, եռակողմ և այլ, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ և խոսակցություններ ևս տեղի են ունենում՛՛:

Խոսելով սահմանին տիրող լարվածության մասին՝ Աղաջանյանն ասաց. ՛՛Սահմանին իրավիճակը լարված է եղել այս ամբողջ ժամանակահատվածում: Դրան զուգահեռ, բնականաբար, քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում՛՛:

Նա հավելեց, որ մենք պետք է առաջնորդվենք մեր կողմից առաջ քաշված օրակարգով և ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դառնա այդ օրակարգի կրող և այդ օրակարգի մաս: ՛՛Արդյոք մեզ մինչ այս պահը 100 տոկոսով հաջողվե՞լ է դա իրականացնել. ցավոք՝ ոչ, ինչը չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր ընդունած օրակարգից՛՛,-ասաց Աղաջանյանը:

  • Կիսվել: