Ֆեյք է ծայրից ծայր. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրների ակցիայի մասին
Քիչ առաջ բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվեցին Գարեգին Բ-ի հետ կապված, ընդ որում՝ ծանրակշիռ մեղադրանքներ՝ զավակ ունենալու, նույն ինքը՝ կուսակրոնության ուխը խախտելու, այլ երկրի գործակալ լինելու հետ կապված, բիզնես գործունեությամբ զբաղվելու, ոչ մի մեղադրանքից հետո ակցիան տեղի չունեցավ, բայց հենց անուն-ազգանունը տալիս ես, խառնվում են իրար: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ավազանի անունով ներկայացնելու վերաբերյալ իրականացվող ակցիային:
Նա, մասնավորապես, նշեց. «Իմ գնահատականը հետևյալն է. երբ ընդդիմադիրները խոսում են, որ ձայնագրությունները կեղծ են ու ֆեյք (խոսքն ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումներին է վերաբերում-խմբ.), ես ուզում եմ ասել, որ այս ամբողջ ակցիան կեղծ է և ֆեյք, որովհետև երբ բովանդակությանը որևէ արձագանք չկա, և անուն-ազգանունից հետևում է ռեակցիա, նշանակում է՝ բովանդակություն չկա, սա ֆեյք ակցիա է ծայրից ծայր, որովհետև երբ այս քննարկումների բովանդակության մեջ ես մտնում, իրենք այլ բան, քան սեղաններին թմբկահարելը, չեն կարողանում»:
Անդրադառնալով նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չանելու թեմային, Էդուարդ Աղաջանյանը հիշեցրեց, որ գործող Սահմանադրության մեջ գրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:
«Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, և սրանից հետո տեղի են ունեցել համապետական ընտրություններ, և ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Հարգե՛ք և հաշվի՛ նստեք ՀՀ ժողովրդի ընտրության հետ»,- ասաց նա:



