53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել. փաստաբան
53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել: Հարց է առաջանում՝ եթե քրեական վարույթ հարուցում եք, մարդուն մեղադրանք եք առաջակում, պետք է գիտակցեք, չէ՞, որ անձն անմեղ է, քանի դեռ հակառակն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեք ապացուցել: Հետևաբար՝ քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ քննություն ապահովող մարմին, պետք է ինտենսիվ գործողություն անի: Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ՝ ամեն գնով կալանք պահելու հետ: Այսքան բան, այստեղ ուրիշ բովանդակություն չկա: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նա նաև հավելել է. «Փաստացի 53 քննիչ ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ:
Նոյեմբերի 18-ի խափանման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով, քննչական մարմինը պետք է լիներ ամենաակտիվ, ամենաջանասեր մարմինը, բայց ունենք ճիշտ հակառակը՝ ունենք տոտալ անգործություն, ջանասիրության տապալում քննչական մարմնի կողմից:
Զուգահեռաբար ունենք դատախազություն, որը կարողանում է հունվարի 5-ին հանձնարարական կամ քննչականին ցուցում տալու փոխարեն՝ հասցնել միայն վերաքննիչ բողոք մուտքագրել, ամեն գնով՝ կալանք պահանջելու համար: Հետևաբար, այո՛, որևէ գործողություն չի եղել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ»:


