կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
2027-ին ատեստավորման գործընթաց կիրականացվի թանգարաններում և գրադարաններում՝ էապես բարձրացնելով այս ոլորտների աշխատակիցների վարձատրությունը․ Անդրեասյան

2027-ին ատեստավորման գործընթաց կիրականացվի թանգարաններում և գրադարաններում՝ էապես բարձրացնելով այս ոլորտների աշխատակիցների վարձատրությունը․ Անդրեասյան

Գիտաշխատողների բազային վարձատրությունը նախորդող շրջանում արդեն իսկ մինչև 300 տոկոսով բարձրացել էր, և սա շարունակական քաղաքականություն է։ Այս մասին խորհրդարանում՝ 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ սպորտի ոլորտում ավելի քան 800 մարզիկի և մարզչի խրախուսմանը տարբեր ծրագրերով հաջորդ տարի կհատկացվի շուրջ 2,47 մլրդ դրամ՝ ստեղծելով պայմաններ մարզավիճակի վրա կենտրոնանալու և առաջիկա առաջնություններին ու օլիմպիական խաղերին պատրաստվելու համար։

Անդրեասյանը տեղեկացրեց՝ հաջորդ տարին նշանային կլինի նաև նրանով, որ Կառավարության ծրագրին համահունչ ատեստավորման գործընթաց կիրականացվի նաև թանգարաններում և գրադարաններում՝ էապես բարձրացնելով նաև այս ոլորտների աշխատակիցների վարձատրությունը։

«Թանգարաններում ատեստավորումն արդեն մեկնարկել է, գրադարաններում կիրականացվի 2027-ի առաջին կիսամյակում, և հաջորդ տարվա բյուջեում այդ գումարները պլանավորված են»,- տեղեկացրեց նախարարը։

Անդրեասյանն ընդգծեց՝ կարևոր է, որ ամեն պարագայում մոտեցումը մնում է անփոփոխ՝ վարձատրության բարձրացումը փոխկապակցված է մասնագիտական զարգացման հետ՝ հետևելով Կառավարության ամենակարևոր սկզբունքին՝ կրթությունը մեր ռազմավարությունների ռազմավարությունն է։

  • Կիսվել: