2020-ին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքի բնակարանի խնդիրը կլուծվի
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Այս մասին այսօր Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ դրամ: