շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
2016-ին մենք ունեինք ռազմաուսումնական հաստատություններ դիմող ընդամենը 16 դիմորդ, ինչը սարսափելի վիճակագրություն է մեր բանակի համար. Արմեն Խաչատրյան

2016-ին մենք ունեինք ռազմաուսումնական հաստատություններ դիմող ընդամենը 16 դիմորդ, ինչը սարսափելի վիճակագրություն է մեր բանակի համար. Արմեն Խաչատրյան

2011 թվականից հետո ռազմաուսումնական հաստատություններ դիմողների քանակը կտրուկ նվազել էր։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«2011 թվականից հետո ռազմաուսումնական հաստատություններ դիմողների քանակը կտրուկ նվազել էր։ Որքանով հիշում եմ՝ դեռ 2016 թվականին մենք ունեինք ընդամենը 16 դիմորդ, ինչը սարսափելի վիճակագրություն է մեր բանակի համար։ Եթե մենք չունենանք բազային կրթությամբ սպայական համայնք, մենք չենք կարող բանակի մասին ընդհանրապես խոսել։ Եվ այս հարցն ուղղակիորեն լուծվում է այսպիսի նախագծերով»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ այս նախագծով ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների համար սահմանվում է բնակարանային ապահովության նոր տեսակ։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում ասաց․ «Սա հիմք է տալիս մտածելու, որ մենք թևակոխում ենք բանակի լիարժեք առողջացման փուլ, սա հեղափոխական ծրագրերից մեկն է։ Եվ այդ հնարավորությունն ստեղծում ենք սոցիալական փաթեթը լիարժեք ձևավորելու ճանապարհ ընտրելով։ Երբ կրթությունը դառնում է առաջնահերթ, մրցակցություն անմիջապես հետևից գալիս է։ Եվ եթե այս տարի էլ իներցիայի բերումով ունենանք ռազմաուսումնական հաստատություններ դիմումների ոչ ցանկալի թվերը, մյուս տարվանից, ես կարծում եմ, անպայման կունենանք գրավչության հսկայական տպավորիչ թվեր։ Առավել ևս, չեն ուշանալու սոցիալական փաթեթի մյուս բաղադրիչները՝ ֆինանսական բավարարումը, ընտանիքների անդամների կրթության հարցը և այլն»։

  • Կիսվել: