2009-ի Հայաստան-Թուրքիա բանակցությունները «արգելափակվել են» ՌԴ-ի կողմից, հիմա էլ Թուրքիան սպասում է Ռուսաստանին. «Գորշ գայլերի» ներկայացուցիչ
Թուրքական հասարակությունը բարեհամբույր չի վերաբերվում հայկական հարցին, Ադրբեջանը լավ է օգտագործում այդ ուժը, քանի որ շատ ազդեցիկ է Թուրքիայում։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է «Գորշ գայլեր» (թուրքերեն՝ Bozkurtlar) ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) անդամ, Թուրքիայում 2009 թվականին հիմնադրված «Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի» նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Հասան Օքթայը։
«Մենք փորձում ենք բացատրել հայկական հարցը»,- նշել է նա։
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած երկխոսության մասին՝ Օգթայը անկեղծացել է, որ Թուրքիան իրականում սպասում է ռուսներին։
«Թուրքիան քայլեր կձեռնարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքում։ Բայց, հստակ է, որ Թուրքիան առանց որևէ հիմնավորման կբացի իր սահմանները Հայաստանի հետ»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ Օքթայը ընդգծել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։
«Հայաստանի հետ Թուրքիայի սահմանների փակման պատճառն անհետացել է, հիմա սահմանային դարպասները պետք է բացվեն և նախապայմաններ չլինեն»,- հավելել է նա։
Թուրք քաղաքական գործիչը հանդես է եկել նաև մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ, ըստ նրա, 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները արգելափակվել են Ռուսաստանի կողմից։
«Հիմա էլ Ադրբեջանն է փորձում կանխել այս խաղաղ գործընթացը։ Նախապայմանը ոչ մի կողմի ձեռնտու չէ, նախապայմանը ձեռնտու է խաղաղությունը խաթարել ցանկացողներին»,- պարզաբանել է Օքթայը։
Նա հավելել է, որ պետք է հաշվի առնել Հայաստանի մտահոգությունները, և Թուրքիան պետք է խաղաղություն հաստատի Ադրբեջանի և Հայաստանի միջև։
«Թուրքիա-Հայաստան բանակցությունները պետք է շարունակվեն, և Ադրբեջանը պետք է մասնակցի այս խաղաղ գործընթացին»,- եզրափակել է նա։