հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
1998-ից իշխանություն էիք, լուծեիք ԼՂ հարցը. էս էդ վախտ բանտում էի. ասում եք՝ «это будет так», է՜, թող ըլներ․ Փաշինյան

1998-ից իշխանություն էիք, լուծեիք ԼՂ հարցը. էս էդ վախտ բանտում էի. ասում եք՝ «это будет так», է՜, թող ըլներ․ Փաշինյան

Խաղաղությունն այնքան հեռու է այսօր, ինչքան անցյալ տարի այս օրերին, թուրքերը մեր տարածքում են, ինչպես անցյալ տարի այս օրերին, տարածքները զիջելու մասին խոսում եք դուք, առանց հայելային պահանջ ներկայացնելու. Մեկ տարվա ընթացքում ձեր քաղաքականությունը մեր պետությանը որևէ դրական արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Արցախի խնդրի կարգավորման Կազանյան փաստաթղթում եղել է կետ ըստ որի պետք է ԼՂ-ում հանրաքվե անցկացվի, որին կմասնակցեն նաեւ տեղի 25 տոկոս ադրբեջանցիները եւ որեւէ սահմանափակում չի դրվել, թե ինչ հարց կարող է դրվել հանրաքվեի, այսինքն ինքնավարության եւ Ադրբեջանի կազմում լինելու որեւէ պնդում այդտեղ չկա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարիներ շարունակ ժողովրդին ասվել է, որ սեղանին դրված փաստաթուղթը ենթադրում է, որ ԼՂ-ն չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մինչդեռ իրականությունն ուղիղ հակառակն է. «Այդտեղ գրված է, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այն, ինչ մեջբերեցիք, դա մի հոյակապ բան է: Ասում եք՝ 25 տոկոս ադրբեջանցիները պետք է գան, իսկ ո՞վ է ասել, որ 25 տոկոսը : Ես այդ թեմային անդրադարձել եմ այստեղ: Ասում են՝ լավ, ենթադրենք, կինը հղի է եղել, ԼՂ-ից դուրս է եկել եւ ծննդաբերել է ԼՂ-ից դուրս գալուց մեկ շաբաթ հետո: Հիմա այդ երեխան ԼՂ-ի բնակիչ է, թե ոչ: Իսկ նրանից ծնված երեխան բնակի՞չ է, թե ոչ: Ով գիտի այս հարցի պատասխանը: Եթե դուք ի սկզբանե ընդունել եք, որ ԼՂ-ում եղել է հայ կին եւ ադրբեջանցի կին, ինչու է ձեր կանխավարկածը այն, որ ԼՂ-ի հայ կնոջ երեխան պետք է մասնակցի յդ պրոցեսին, իսկ ադրբեջանցի կնոջ երեխան պետք է չմասնակցի: Երկուսն էլ նույն օրը հղի են եղել, հետո այդ դեպքերն են տեղի ունեցել:

Ասում են՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում պետք է լինի հանրաքվեն: Ադրբեջանն ասում է՝ հա, իհարկե, ընկերներ, ինձ հետ պետք է համաձայնեցնեք, շատ լավ, առաջիկա 100 տարում չի լինի էդ հանրաքվեն: Թող հետ գան, իրար հետ կապրեն, կտեսնենք՝ էդ հանրաքվեի կարիքը կա, թե չկա»,-ասաց Փաշինյանը:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Դուք ասում եք՝ որտե՞ղ է գրված. Կազանյան փաստաթուղթն ասում է՝ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988 թվականի ազգային համամասնություններում ԼՂ-ում ապրող բոլոր ազգերը, այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է հակամարտության սկզբին: Դա ենթադրում է միասնական հանրաքվե, այլ ոչ թե այնպես, ինչպես եղավ Կիպրոսում, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումով երկիր մոլորակի վրա ստեղծվել է վերջին պետությունը»:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կազանի փաստաթղթում տենց  գրած էր, զավեշն այն է, որ Կազանի փաստաթղթի ժամանակ դուք  իշխանություն էլ էիք, ընդդիմություն էլ էիք, լուծեիք։ Լուծեիք  եղբայր, ո՞վ էր ձեզ արգելել։ Կազանի փաստաթուղթը, որ եղել է, ես կամ բանտում եմ եղել, կամ բանտից նոր դուրս եկած։ Ո՞վ էր խանգարում ձեզ, լուծեիք։ Լուծեիք 2011-ին, 2012-ին, 2013-ին, 2014-ին, 2015-ն, 2016-ին  այնպես անեիք, որ պատերազմ չլիներ, պատերազմից շատ ուժեղ խուսափողներ էիք։ 2018-ին չգայիք այս ամբիոնից ասեիք, որ բանակցային գործընթացը կանգնած է: 2011թ.-ին չկարողացաք, 2010-ին լուծերիք, 2009-ին լուծեիք, 2008-ին, 2007-ին, 2006-ին, 2005-ին, 1999 թվականին լուծեիք: 1998 թվականից իշխանություն էիք, լուծեիք, էդ որ հիմա գալիս ոսկեղենիկ ասում եք՝ «это будет так», սենց էր ըլնելու, նենց էր ըլնելու, է՜, թող լիներ:

Դուք հիմա մեջբերում եք անում փաստաթղթերից, որը մերժվել է ու չի ընդունվել, ես մեջբերում եմ անում ԵԱՀԿ 1996 թվականի գագաթնաժողովի փաստաթղթից, որն ընդունվել է, ես մեջբերում եմ անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերից: Ես մեջբերում եմ անում ձեր գովական պրահյան սկզբունքներից»:

  • Կիսվել: